Ճամփորդություն Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարան

Այսօր մենք եղանք Փոքրիկ Էյնշտեյն գիտության թանգարանում: Այնտեղ շատ հետաքրքիր էր: Մենք այնտեղ շատ փորձեր կատարեցինք ու զվարճացանք: Ամենից շատ ինձ դուր եկավ այն փորձը, երբ ես ձեռքս դրեցի մետաղական գնդի վրա, թափահարեցի գլուխս, իմ մազերը դարձան <<բիզ-բիզ >> 🙂

ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Անցած շաբաթ մենք հավաքեցինք տեղեկատվություն դդմի մասին, սովորեցինք նրա օգտակար հատկությունների մասին, խնդիրներ կազմեցինք դդմի վերաբերյալ, հանելուկներ հորինեցինք և այլն:

Մենք սովորեցինք և իմացանք, թե ինչ բան է տարազը: Փնտրեցինք և տեղեկատվություն հավաքեցինք տարազի վերաբերյալ: Գնացինք Տերյան մշակութային կենտրոն, այնտեղ հագանք հայկական տարազներ և լուսանկարվեցինք:

Անցած շաբաթ մենք ունեցանք մարզական պարապմունքներ և մի լավ մարզվեցինք՝ օղակ խաղացինք, պարան թռանք, գնդակ խաղացինք և այլն:

Մեր կրտսեր դասընկերներին մենք սովորեցրել ենք Փափուրի պարը:

Անցած ուրբաթ Մայր դպրոցում երաժշտական մեդիա ուրբաթ էր: Մենք երգեցինք ամանորյա գեղեցիկ երգեր անգլերեն լեզվով:

Դդումի լավ ընկերները

Լինում է չի լինում մի Դդում է լինում: Մի օր, երբ առավոտյան արթնացավ , պատուհանից դուրս նայեց և տեսավ, որ ձյուն է եկել: Նա իր ընկերների հետ իջավ բակ՝ ձնագնդի խաղալու: Խաղացին- խաղացին, որոշեցին ձնեմարդ պատրաստել, բայց հանկարծ Դդումը սայթաքեց և ոտքը վնասեց: Նա շատ տխրեց: Նրա ընկերները որոշեցին օգնել Դդումին և առանց նրա չպատրաստեցին ձնեմարդ: Ընկերները տուն տարան նրան և բուժեցին նրա ոտքը: Երբ Դդումն իրեն արդեն լավ էր զգում, նրանք բոլորը միասին իջան բակ՝ ձնեմարդ պատրաստելու: Նրանք պատրաստեցին մի մեծ ու գեղեցիկ ձնեմարդ: Դդումը շատ երջանիկ էր, քանի որ ուներ լավ ընկերներ, որոնք օգնեցին իրեն:

Հիշարժան օր Տերյան մշակութային կենտրոնում

Այսօր ընկեր Լիանան մեր դասարանին տարել էր << Տերյան մշակութային կենտրոն>>: Մենք այնտեղ ծանոթացանք և ուսումնասիրեցինք հայկական ազգային հագուստը՝ տարազը: Մենք հագանք տարազներ ու նկարվեցինք: Մեզ շատ դուր եկան տարազները, մենք իրար էինք նայում ու հիանում:

Մենք ուսումնասիրեցինք <<Տերյան մշակութային կենտրոնի>> տարածքը: Աշխատողները շատ լավն էին ու բարեհամբույր: Մենք անվտանգության աշխատողների հետ <<Զիլինա>> խաղացինք: Նրանք մեզ սովորեցրին, թե ինչպես պետք է աշխատել ոստիկան:

Ես և ընկերներս շատ գեղեցիկ օր ունեցանք <<Տերյան մշակութային կենտրոնում>>:

Դդմի օգտակար հատկությունները

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T և K:

Բացի դրանից՝ այն պարունակում է նաեւ այնպիսի միկրո-և մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղեստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը ևս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան տառապում է ճիճուներից, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաև ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

Նուռը հայկական ավանդության մեջ

Հայկական ավանդության մեջ նուռը կյանքի, ծաղկման, առատության և ամուսնության խորհուրդն ունի: Նռան գույնն ասոցացվում է ծաղկման, իսկ նրա բազում հատիկները` սերնդագործության հետ:

Պատահական չէ, որ հին հայկական հավատալիքներում հարսը նուռը խփում էր դռանը, որպեսզի իմանար, թե քանի զավակ է ունենալու: Ինչքան շատ հատիկներ թափվեին, այնքան շատ զավակ նա կունենար: Նռան խորհրդաբանությունն օգտագործվել է նաև հայկական ճարտարապետության, գորգագործության, կիրառական արվեստում և մանրանկարչության մեջ:

Ուսումնական ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց

Այսօր դասընկերներով գնացինք Գեղասահքի դպրոց: Այնտեղ անցկացրեցինք շատ ուրախ և հետաքրքիր ժամանակ: Ես և գրեթե բոլոր դասընկերներս առաջին անգամ էինք լինում սահադաշտում: Սառույցի վրա սահելը չմուշկով շատ դժվար էր: Մենք անընդհատ ընկնում էինք, փորձում էինք օգնել իրար բարձրանալ ու նորից ընկնում էինք ու ծիծաղում: Մեզ փորձում էին օգնել դպրոցի մարզիչները: Մենք անչափ զվարճալի օր ունեցանք: