Ուսումնական գարուն

Գարնանային արձակուրդի ընթացքում ես և իմ փոքր քույրիկը գնացել էինք զբոսանքի: Մենք զբոսնեցինք մեր թաղամասի ամենագեղեցիկ այգում, որին մենք Կինո Հայաստանի այգի ենք անվանում: Այգին շատ մաքուր էր ու խնամված: Այնտեղ կարող ես տեսնել զբոսնող շատ մարդկանց: Այգում կա խաղահրապարակ, շատրվան, սրճարան, կինոթատրոն: Եղանակը շատ արևոտ էր և հաճելի: Ծառերը ծաղկել էին ամենուրեք լսվում էր ծիտիկների ծլվլոցը: Ես և քույրիկս շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Մթնոլորտի խոնավությունը: Մառախուղ և ամպեր

Մթնոլորոտի խոնավությունը: Աշխարհագրական թաղանթի բոլոր ո­լորտներում, այդ թվում և մթնոլորտում, միշտ ջուր կա: Մթնոլորտում ջուրն առաջանում է Երկրի մակերևույթի տարբեր մասերից կատարվող գոլոր­շացման շնորհիվ: Գոլորշացումը տեղի է ունենում ջրային ավազաններից, հողից, բույսե­րից և այլն: Այս պրոցեսն ընթանում է միշտ, բայց տարբեր չափով: Ինչքան տվյալ մակերևույթը շատ է տաքանում Արեգակից, այնքան գոլորշացումը  մեծ է:

Այսպիսով՝ ջերմաստիճանը բարձրանալիս ավելանում է օդում առկա ջրային գոլորշիների քանակը: Սակայն այդ քանակը  չի կարող անսահման մեծանալ: Յուրաքանչյուր ջերմաստիճանում գոյություն ունի գոլորշիների առավելագույն չափ:

Այն դեպքում, երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած: Օդը գոլորշիներով հա­գենալուց հետո առաջանում են տեղումներ:

Ջրային գոլորշիներ պարունակող օդն անվանում են խոնավ: Օդը բնութագրում են բացարձակ և հարաբերական խոնավություններով։

Սակայն բացարձակ խոնավությունը դեռևս չի բնութագրում օդի չոր կամ խոնավ լինելու իրական չափը: Դա կախված է ջերմաստիճանից: Օդի խոնավությունը  առավել հստակ բնութագրվում է հարաբերական խոնավությամբ, որը ցույց է տալիս, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքա՞ն է մոտ հագեցած լինելուն:

Հարաբերական խոնավությունը չափում են խոնավաչափ կոչվող սարքով: Առավել կիրառականը մազային խոնավաչափն է, որի աշխատանքը հիմնված է խոնավության նկատմամբ մազի զգայնության վրա. խոնավությունից մազը երկարում է, չորանալիս՝ կարճանում: Այդ փոփոխությունը հաղորդվում է սարքի սլաքին, որը ցույց կտա հարաբերական խոնավության համապա­տասխան արժեքը:

Մառախուղ և ամպեր: Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանը նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիները խտանում են, ինչի հետևանքով առաջանում են մառախուղ և ամպ: Դրանք երկուսն էլ ջրի մանր կաթիլների կուտակում­ներ են. ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:ամպը՝ Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:

Մառախուղն առաջանում է ուշ երեկոյան կամ վաղ առավոտյան, երբ օդի ջերմաստիճանը կտրուկ նվազում է, ջրային գոլորշիները, սառչելով, այլևս չեն կարողանում բարձրանալ և կուտակվում են երկրամերձ շերտում:

Մեծ մասամբ մառախուղը ձևավորվում է ջրային ավազաններին մոտ: Երբեմն ձմռանը մառախուղներ դիտվում են նաև Երևանում:

Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Ամպերը մեծ ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի ձևավորման վրա: Հատկապես ամռանը, ամպամած օրերին, ցերեկը ջերմաստի­ճանն ավելի ցածր է, քան անամպ օրերին, որովհետև ամպերը փակում են Արեգակի ճառագայթների ճանապարհը: Գիշերային ժամերին հակառակը՝ ամպամած օրերին ավելի տաք է, քանի որ ամպերը ծածկոցի դեր են կատարում՝ պահելով ցերեկային ժամերին Երկրի մակերևույթի ձեռք բե­րած ջերմությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ է օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած:
    • Օդը համարվում ջրային գոլորշիներով հագեցած,երբ օդում առկա գոլորշիների քանակը տվյալ ջերմաս­տիճանում հասնում է առավելագույնի և այլևս գոլորշիների նոր քանակ չի կարող ընդունել, գոլորշին համարում են հագեցած:
  2. Ի՞նչ է օդի բացարձակ խոնավությունը:
    • Խոնավությունը լինում է բացարձակ, որով կարելի է բնութագրել օդը:
  3. Ի՞նչ է բնութագրում օդի հարաբերական խոնավությունը:
    • Օդի հարաբերական խոնավությունը բնութագրում է, թե տվյալ ջերմաստիճանում ջրային գոլորշին որքան է մոտ հագեցած լինելուն:
  4. Ի՞նչ է խոնավաչափը, ի՞նչ սկզբունքով է աշխատում:
    • Խոնավաչափը սարք է, որով չափում են հարաբերական խոնավությունը:
  5. Ի՞նչ տարբերություն կա ամպի ու մառախուղի միջև:
    • Ամպը գտնվում է Երկրի մակերևույթից բարձր շերտերում, իսկ մառախուղը՝ Երկրի մակերևույթին մոտ:
  6. Թվարկեք և բնութագրեք ամպերի տեսակները:
    • Առանձնացնում են ամպերի երեք հիմնական խումբ՝ կույտավոր (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), շերտավոր (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և փետրավոր (տեղումներ չեն առաջացնում):

Քամի: Քամու տեսակները

Քամու առաջացումը: Ինչպես հայտնի է՝ Երկրի մակերևույթի վրա ջերմության անհավասարաչափ բաշխման պատճառով առաջացել են մթնո­լորտային բարձր և ցածր ճնշման վայրեր: Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի: Քամու ուժգնությունը կախված է ճնշումների տարբերությունից, իսկ ճնշումների տարբերությունը՝ ջերմաստիճանների տարբերությունից, այս­ինքն՝ ինչքան մեծ է վերջինս, այնքան ուժեղ է քամին:

Քամու տեսակները: Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ:
Բրիզները մեղմ քամիներ են, դիտվում են ծովերի, լճերի, մեծ գետերի ու ջրամբարների ափերին: Դրանք առաջանում են հետևյալ կերպ: Ցերեկը ցամաքն ավելի արագ է տաքանում, քան նույն տարածքում գտնվող ջրավազանի ջուրը (լիճ, գետ): Ցամաքի վրա առաջանում է մթնո­լորտի ցածր ճնշում, իսկ ջուրը դեռ սառն է, դրա վրա գտնվող օդը չի հասց­րել տաքանալ, ուստի ճնշումը բարձր է:
Նման պայմաններում ջրի վրայի ավելի սառն ու ծանր օդը տեղափոխվում է դեպի ցամաք՝ ձևավորելով ցերեկային կամ ծովային բրիզը:
Երեկոյան ցամաքի մակերեսը սկսում է արագ սառել, գիշերը դրա վրայի օդը խտանում է և ծանրանում: Իսկ ջրային ավազանը դեռևս տաք է: Բնականաբար, դրա վրա օդը նույնպես տաք է, թեթև, իսկ ճնշումը՝ ցածր: Այս դեպքում քամին կփչի ցամաքից դեպի ջրային ավազան՝ ձևավորելով գիշերային կամ ցամաքային բրիզը :
Լեռնահովտային քամիները առաջանում են լեռների ու հովիտների միջև, որտեղից էլ ծագել է անունը: Այս քամիները նույնպես օրվա ընթաց­քում երկու անգամ փոխում են ուղղությունը՝ ցերեկը փչում են հովիտներից դեպի լեռները, իսկ գիշերը՝ լեռներից դեպի հովիտները:
Լեռնահովտային քամիներն առավել շատ դիտվում են տարվա տաք սեզոնում՝ երեկոյան ժամերին մեղմացնելով հովիտների տոթը: Դա շատ բնորոշ է Արարատյան գոգավորությանը, մասնավորապես՝ Երևան քաղաքին:
Մուսսոններ: Ի տարբե­րություն բրիզների և լեռնահով­տային քամիների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:
Մուսսոնները, նույնպես եր­կու անգամ փոխում են իրենց ուղղությունը, սակայն ոչ թե օր­վա, այլ՝ տարվա տաք և ցուրտ սեզոնների ընթացքում: Մուս­սոն բառն արաբերեն նշանա­կում է հենց տարվա սեզոն:
Տարվա տաք սեզոնին մուսսոնները փչում են ծովից դեպի ցամաք՝ բե­րելով առատ տեղումներ, իսկ ցուրտ սեզոնին՝ ցամաքից դեպի ծով է:
Պասսատներ: Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:
    • Մթնոլորտային բարձր ճնշման վայրից, երբ օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, առաջա­նում է քամի: 
  2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:
    • Քամու տեսակներն են՝ բրիզներ, լեռնահովտային, մուսսոններ և պասսատներ: Հայաստանին բնորոշ են լեռնահովտային քամիները:
  3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:
    • Մուսսոններն ընդգրկում են ավելի ընդարձակ տա­րածքներ, քան բրիզները:
  4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:
    • Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Մթնոլորտի տաքացումը

Մթնոլորտի տաքացումը: Երկիր մոլորակի լույսի և ջերմության հիմ­նական աղբյուրն Արեգակն է: Արեգակից ստացվող ջերմության շնորհիվ՝ սկզբից տաքանում է երկրագնդի մակերևույթը, և ապա՝ այդ ջերմությունը հաղորդվում է մթնոլորտին: Արեգակի ճառագայթներն ազատ անցնում են օդի միջով, և այն գրեթե չեն տաքացնում: Պատճառն այն է, որ օդն ապակու նման թափանցիկ է: Ե­թե տանը կամ դասարանում շոշափեք պատուհանից ներս ընկած ճառա­գայթների տակ գտնվող առարկաները` նստարանը, աթոռը, սեղանը, պա­յուսակը և այլն, ապա կզգաք, որ դրանք տաք են: Սակայն պատուհանի ա­պակին, որով անցնում են ճառագայթները, նույն պահին սառն է:

Երկրի մակերևույթից ինչքան բարձրանում ենք դեպի վեր, այնքան օ­դի ջերմաստիճանը նվազում է: Հայտնի է, որ ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով: Օրինակ՝ եթե ծովի մակարդակին օդի ջերմաստիճանը +24 0C է, ապա ծովափին գտնվող 2 կմ բարձրությամբ լեռան գագաթին նույն պահին կլինի +14 0C (24 0C — 2 ■ 5 0C = 14 0C):

Օդի ջերմաստիճանի չափումը: Օդերևութաբանական կայանում օդի ջերմաստիճանը չափում են ստվերում՝ ջերմաչափով, որը տեղադրված է փայտից պատրաստված հատուկ տնակում: Տնակը տեղադրում են գետնից 2 մ բարձրության վրա, որպեսզի Երկրի մակերևույթին գտնվող առարկաների ջերմությունը չազդի ջերմաչափի ցուցմունքի վրա:
Օդի ջերմաստիճանը չափում են օրական 8 անգամ՝ 3 ժամը մեկ:
Օդի օրական միջին ջերմաստիճանը հաշ­վում են հետևյալ կերպ: Ենթադրենք՝ օրվա ըն­թացքում կատարված 8 չափումից ստացվել են հետևյալ արդյունքները՝ 00, -20, -40, +10, +40, +100, +50, +20C: Այս չափումներից առանձին-առանձին հաշվում ենք դրական ջերմաս­տիճանների գումարը՝ +22 0C, և բացասական ջերմաստիճանների գումարը՝ -6 0C, այնուհետև (22 — 6) տարբերությունը բաժանում չափումների թվին՝ 8-ի՝ (22 — 6) : 8 = +20C: Այսպիսով՝ այդ օրն օդի միջին ջերմաստիճանը +2 0C է:
Նույն ձևով հաշվում են ամսական և տարեկան միջին ջերմաստիճան­ները:
Օրվա ընթացքում օդի ամենացածր ջերմաստիճանն անամպ օրերին դիտվում է վաղ առավոտյան՝ արևածագից առաջ, իսկ ամենաբարձրը՝ կե­սօրից 2-3 ժամ հետո:
Մայրամուտից հետո Երկրի մակերևույթը, ամբողջ գիշեր ջերմություն չստանալով, սառում է: Արևածագից սկսած՝ օդը նորից տաքանում է, և ժամը 14-15-ին դիտվում է օդի ամենաբարձր ջերմաստիճանը: Պատճառն այն է, որ սկզբից տաքանում է Երկրի մակերևույթը, ինչից հետո նոր միայն՝ ջերմությունն աստիճանաբար հա­ղորդվում է մթնոլորտին, որը 2-3 ժամ ուշացու­մով է տաքանում:
Ջերմության բաշխումը Երկրի վրա: Երկ­րագնդի վրա Արեգակից ստացվող ջերմութ­յունը բաշխվում է խիստ անհավասարաչափ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
Երկրագնդի ցածր լայնություններում, մաս­նավորապես՝ հասարակածի վրա, ճառագայթներն ընկնում են հիմնակա­նում ուղղահայաց, և այդ պատճառով այս լայնություններն ավելի շատ ջերմություն են ստանում:
Դեպի բարձր լայնություններն Արեգակի ճառագայթների կազմած անկյունը  Երկրի մակերևույթի հետ աստիճանաբար փոքրանում է, իսկ բևեռներում գրեթե շոշափում է: Ուստի այս լայնություններն Արեգակից ա­վելի քիչ ջերմություն են ստանում, և ցուրտ է լինում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ օդն անմիջապես չի տաքանում Արեգակի ճառագայթներից:
    • Քանի որ օդը թափանցիկ է:
  2. Ներքնոլորտում ըստ բարձրության ինչպե՞ս է փոխվում օդի ջեր­մաստիճանը:
    • Ներքնոլորտի ստորին շերտե­րում յուրաքանչյուր 1 կմ բարձրանալիս օդի ջերմաստիճանը նվազում է միջինը 5-6 °C-ով:
  3. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր լայնություններ տարբեր քանակությամբ ջերմություն են ստանում Արեգակից:
    • Աշխարհագրական տարբեր լայնություն­ներում Արեգակի ճառագայթները տարբեր անկ­յան տակ են ընկնում Երկրի մակերևույթի վրա:
  4. Երևանում օդի ջերմաստիճանը +250C է: Հաշվեք, թե նույն պահին օդի ջերմաստիճանը որքա՞ն կլինի Արագածի գագաթին, եթե վերջինս Երևանից բարձր է մոտ 3 կմ:
    • 3×5=15
    • 25-15=100C:

Մթնոլորտի կազմն և կառուցվածքը

Մթնոլորտի կազմը:  Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը  մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը եր­կուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գո­լորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը:  Մթնոլորտի ստորին սահմանը հա­մարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև  3000 կմ բարձրությանը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։

Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջի­նիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3 օդի զանգվածը 0°C-ում  1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջեր­մաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առ­նելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ  և  ար­տաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաննե­րում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություննե­րում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը  տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այս­տեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշի­ների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:

Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահ­մանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը  կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամա­նուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամե­նահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանը հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենա­փոքրն է, օդը  անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբող­ջովին բացակայում են:
Մերձբևեռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթը լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
    • Երկրագունդը շրջապատող օդային թաղանթը կոչվում է մթնոլորտ: Այն կազմված է ազոտից, թթվածնից և քիչ քանակությամբ ածխաթթու գազից, օզոնից, արգոնից, ջրածնից և այլն:
  2. Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
    • Քանի որ Երկիր մոլորակը ունի ձգող ուժ:
  3. Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
    • Վերին սահմանը արտաքին ոլորտն է:
  4. Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
    • Մթնոլորտի շետերն են՝ ներքնոլորտ, վերնոլորտ և ատաքին ոլորտ:
  5. Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
    • Քանի որ ներքնոլորտում է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգ­վածի մոտ 4/5 մասը:
  6. Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
    • Օզոնը գտնվում է վերնոլորտում, այն Երկրագունդը պաշտպանում է արևի վատ ճառագայթներից:

Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը

Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակը հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով: Օվկիանոսներն ու ծովերը ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսն աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլևս չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

Ուստի պետք է ջրային պաշարները  պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրները մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերը մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:

Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրը: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

Շատ վնասակար են նաև կոշտ թափոնները: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոնները վերամշակող գործարաններ:

Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի ընդհանուր ծավալը մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալը  չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների հա­մար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
    • Ջուրը օգտագործվում է խմելու համար, կենցաղում, ոռոգման համար և այլն:
  2. Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը:
    • Ջրերը աղտոտում են մարդիկ, ձեռնարկությունները, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերը ու թու­նաքիմիկատները և այլն:
  3. Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշ­խատանքներ են կատարվում:
    • Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտը մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն ընդունվում, մաքրվում և նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:
    • Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ:
  4. Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը:
    • Երկրագնդի տարածքի մեծ մասը ջուրն է կազմում, բայց այդ ջրի շատ քիչ մասն է քաղցրահամ ջուր, շատ եկրներում ջրի «սով» է: Ջրի հիմնախնդիրն այն է, որ պետք է խնայողաբար օգտագործել ջուրը և մաքուր պահել այն:
  5. Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք:
    • Պետք է այն օգտագործել խնայողաբար:
    • Աղազերծման կայանների ստեղծումը:
    • Այսբերգների հալեցումը և այլն:

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում  և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածը կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասը և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկույթային և լեռնահովտային:

Ծածկույթային կամ մայրցամաքային սառցադաշտերը տարածված են բևեռային և  մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունը կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչև 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում,  իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգները շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասը՝ 3/4-ը, ընկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումը  1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերը տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտը ձյան կուտակումից աստիճանաբար ընդարձակվում  մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր   և  առաջադրանքներ

  1. Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:
    • Երկրագնդի որոշ տեղամասերում ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով: Կուտակ­ված ձյունը ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառույցի, որի հետևանքով էլ առաջանում են սառցադաշտերը:
  2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:
    • Սառցադաշտերը լինում են 2 տիպի՝ մայրցամաքային և լեռնահովտային:
  3. Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:
    • Օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ սառույցի հսկա կտորները պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Դրանք կոչվում են այսբերգներ:
  4. Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:
    • Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակը՝ գետի նմանվող սառույցը, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտը   շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: ց Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    • Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
    • Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    • Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    • Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը:Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    • Դրական նշանակությունը նրա՝ բասականությաան թթվածնի ստեղծելն է: Բացասական նշանակությունն այն է, որ այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ:

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    • Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    • Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
      Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    • Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
      Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    • Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
    • երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:
    • Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    • Ստորերկրյա միջշերտային ջրերը հոսում են 2 ջրամերժ ապարների միջև, եթե վերին ջրամերժ շերտը ծակենք, ապա ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    • Ստորերկրյա ջրերը օգտագործվում են խմելու և կենցաղային այլ նպատակների համար, բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով, բուժման նպատակներով և այլն:

Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝  Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    • Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով: 
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
    • Լճերը, ըստ ծագման, լի­նում են՝ տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, արգելափակման, մնացորդա­յին, սառցադաշտային:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    • Այն լճերը, որոնցից սկիզբ է առնում գետ, կոչվում են հոսուն լճեր, օրինակ՝ Սևանա լիճը: Այն լճերը, որոնցից սկիզբ չեն առնում գետեր, կոչվում են անհոսք լճեր, օրինակ Վանա լիճը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    • Արհեստական լճերը կամ ջրամբարները ստեղծում են մարդիկ, որ կուտակված ջուրն օգտագործեն ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: