Մայր այծը: Վախթանգ Անանյան

Քյարքի լեռան դիմաց  մի ժայռապատ լեռնագոտի կա։ Նրա գլուխը տափակ է ու սիզավետ։

Աշնան կանաչով պատած տափարակով ես առաջ սողացի, հասա ժայռի պռնկին ու ցած նայեցի։ Ներքևում ծնկահար խոտի մեջ նստոտած՝ որոճում էին վեց-յոթ քարայծ։ Նրանք այնպես հանգիստ ու անմեղ էին, գողտրիկ գլուխները նրբագեղ վզերի վրա վեհորեն պահած, որ հիացած նայում և ափսոսում էի կրակել։ Բայց ողջ օրը՝ սկսած լուսադեմից՝ ես շրջել էի այդ լեռներում, հոգնել էի ծայր աստիճան և անուղղելի սխալ գործած կլինեի, եթե ենթարկվեի իմ զգացմունքներին և բաց թողնեի այդքան հաջող որսը։

Եվ ես խլացնելով իմ մեջ խղճի ձայնը՝ կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծի վրա։

Որոտից սարսափահար՝ կենդանիները վեր թռան ու  սուրացին ժայռերի երկայնքով։ Այն այծը, որի վրա կրակել էի, նայեց ինձ չգիտեմ ինչ հայացքով,- հեռու էր, նրա աչքերի արտահայտությունը որոշել չէր կարող,-և փոխանակ փախչելու իր ընկերների հետևից, գողտրիկ ոստյուններով վազեց դեպի ինձ և կանգ առավ ժայռի ստորոտում, ինձնից ընդամենը տասնհինգ քայլ ցած։ Այս անգամ ես որսացի նրա որոնող հայացքը, որ լի էր տագնապով ու սարսափով։ Ուղիղ հրացանիս փողի դիմաց կանգնել է նա դողդողացող  մկաններով, տեսնում է ինձ՝ իրեն մահ բերողին, բայց չի փախչում․ նրա հայցքը տենդագին փնտրում է մեկին։

Մինչ ես նշան էի բռնել իմ զոհի կրծքին և մատս սեղմում էր հրացանի ձգանը, այդ «մեկը», որին նա փնտրում էր տենդագին և որի համար նա այնպես անվախ վազում էր դեպի մահաբեր զենքը, այդ «մեկը»  հանկարծ դուրս թռավ ոտքիս տակից՝ ժայռի խոռոչից, ուր թաքնվել էր, ոստոստալով հասավ իրեն փնտրողին ու մտավ նրա վզի տակ։

Ուլն է ․․․

Ես լայն ժպտացի և հրացանս ետ քաշեցի։ Այդ սրտաշարժ տեսարանի առաջ անմիջապես հանգավ որսորդական կիրքն իմ մեջ։ Եվ երբ, հաջորդ վայրկյանին, մայր և ուլ իրար գտած՝ միասին սլանում էին փախած հոտի հետևից, ես հրացանս օդում ճոճելով ճանապարհ էի դնում նրանց ու ցնծագին բացականչություններով թնդացնում ժայռերը։

Այդ պահին իմ դիմացի լեռան ծերպերում թնդյուններ լսվեցին, և ականջիս հասավ ընկերոջս ուրախ կանչը․

-Խփել ե˜մ, արի տանե˜նք, արի օգնի˜ր․․․

Եվ նա սկսեց ինքն իրեն երգել ու սուլել։ Ուրախ էր։ Ուրախ էր, որ այծ էր սպանել։ Ես նույնպես ուրախ էի։ Բայց ուրախ էի, որ չէ՛ի սպանել, որ չորբացավ այն սիրուն ուլիկը․․․

Առաջադրանք.

Գրի՛ր, թե պատմվածքն ինչի մասին է և ինչ սովորեցրեց։

Այս պատմվածքը որսորդի և այծի մասին էր: Որսորդն ուզում էր կրակել այծի վրա, բայց, երբ տեսավ, որ այծը ձագուկ ունի, խղճաց և չկրակեց:

Ես այս պատմությունից սովորեցի, որ պետք է բարի լինել և կենդանիներին չսպանել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *