Արևի մոտ. Ավ. Իսահակյան

Без названия (2)

Մի որբ երեխա՝ ցնցոտիներ հագած՝ կուչ էր եկել հարուստ տների պատերի տակ: Մեջքը հենել էր մի հարուստ տան պատին և մեկնել էր ձեռքը դեպի մարդիկ:
Նոր էր բացվել գարունը, մոտավոր սարերը կանաչին էին տալիս, և գարնան անուշ արևը բարի աչքերով նայում էր ամենքին: Մայթերով անցուդարձ էին անում մարդիկ, և ո´չ մի մարդ չէր նայում, չէր ուզում նայել խեղճ ու որբ երեխային:
Երբ արևը կամաց-կամաց թեքվում էր մոտավոր կանաչ սարերի հետևը — սկսեց փչել մի ցուրտ քամի, և երեխան դողում էր՝ խե՜ղճ ու անտուն:
— Ա՜խ, կարմիր արև, բարի՜ արև, դուն էիր ինձ միայն տաքացնում, հիմա ո՞ւր ես գնում, թողնում ես ինձ մենակ՝ այս ցրտին ու խավարին, ես մայր չունիմ, ես տուն չունիմ, ո՞ւր գնամ, ո՞ւմ մոտ գնամ… Վե´ր առ, տա՜ր ինձ քեզ հետ, անո՜ւշ արև…
Լալիս էր երեխան լուռ ու մունջ, և արցունքները գլոր-գլոր սահում էին նրա գունատ երեսից: Իսկ մարդիկ տուն էին դառնում, և ո՜չ ոք չէր լսում ու տեսնում նրան, ո՜չ ոք չէր ուզում լսել ու տեսնել նրան…
Արևը սահեց անցավ սարի մյուս կողմը և էլ չերևաց:
— Բարի՜ արև, ես գիտեմ, դու գնացիր քո մոր մոտ… Ես գիտեմ ձեր տո՜ւնը, ա՜յս սարի հետևն է. ես կուգամ, կուգամ քեզ մոտ, հիմա՜, հիմա՜:
Եվ խեղճ երեխան դողալով՝ հարուստ տների պատերը բռնելով, գնա՜ց, գնա՜ց, քաղաքից դուրս ելավ: Հասավ մոտավոր սարին. դժվար էր վերելքը. քարեր ու քարեր, ոտքը դիպչում էր քարերին, խիստ ցավում, բայց նա ուշ չդարձնելով բարձրանում էր անընդհատ:
Մութը իջավ, և կանաչ սարը սևերով ծածկվեց: Սարի գլխին փայլփլում էին աստղերը՝ կանչող, գարդարող ճրագների պես:
Փչում էր սառը, խիստ քամին, որ ձորերի մեջ ու քարափների գլխին վայում էր. երբեմն թռչում էին սև թևերով գիշերահավերը, որոնք որսի էին դուրս եկել:
Երեխան անվախ և հաստատուն քայլերով գնում էր վերև, բա՜րձր, միշտ բա՜րձր, և հանկարծ լսեց շների հաչոց, մի քիչ հետո էլ լսեց մի ձայն խավարի միջից, — Ո՞վ ես, ո՞ւր ես գնամ:
— ճամփորդ տղա եմ, արևի մոտ եմ գնամ, ասա՜, ո՞ւր է արևի տունը, հեռո՞ւ է, թե մոտիկ:
ճրագը ձեռին մոտ եկավ մի մարդ և քնքուշ ձայնով ասաց.
— Դու հոգնած կլինես, քաղցած ու ծարա՜վ, գնանք ինձ մոտ: Ի՜նչ անգութ են քո հայրն ու մայրը, որ այս մթանը քեզ ցրտի ու քամու բերանն են ձգել:
— Ես հայր ու մայր չունիմ, որբ եմ ու անտեր…
— Գնանք, տղա՜ս, գնա՜նք ինձ մոտ,— ասաց բարի անծանոթը և երեխայի ձեռքից բռնելով տուն տարավ:
Նրա տունը մի խեղճ խրճիթ էր. օջախի շուրջը նստել էին բարի մարդու կինն ու երեք փոքր երեխաները: Նրա խրճիթին կից մի մեծ բակում որոճում էին ոչխարները: Նա հովիվ էր, սարի հովիվ:
— Սիրելի՜ երեխաներս, ձեզ եղբայր եմ բերել, թո՜ղ չլինեք երեք եղբայր, լինեք չորս, երեքին հաց տվող ձեռքը չորսին էլ կտա:
Սիրեցե´ք իրար, եկե´ք համբուրեցեք ձեր նոր եղբորը: Ամենից առաջ հովվի կինը գրկեց երեխային և մոր պես ջերմ-ջերմ համբուրեց, հետո երեխաները եկան և եղբոր պես համբուրեցին նրան:
Երեխան ուրախությունից լաց էր լինում և նորից լալիս:
Հետո սեղան նստան ուրախ, զվարթ. մայրը նրանց համար անկողին շինեց և ամենքին քնեցրեց իր կողքին, երեխան շա՜տ հոգնած էր. իսկույն աչքերը խփեց և անո՜ւշ- անո՜ւշ քնեց:
Երազի մեջ ուրախ ժպտում էր երեխան, որպես թե ինքը արևի մոտ է արդեն, գրկել է նրան ամուր ու պառկել է նրա գրկում տաք ու երջանիկ:
Մեկ էլ սրտի հրճվանքից վեր թռավ և տեսավ, որ արևի փոխարեն գրկել է իր նոր եղբայրներին և ամուր բռնել է մոր ձեռքը: Եվ նա աչքովին տեսավ, որ արևը հե´նց այս տան մեջն է, որ ինքը ուղիղ հե´նց արևի գրկումն է…

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • ցնցոտի-հին, մաշված հագուստ
    • խավար-մութ
    • վերելք-բարձրունք
    • խիստ-ուժեղ
    • քարափ-ժայռ
    • կից-մոտ
  • Բնութագրի՛ր և նկարագրի՛ր տղային, հովվին:
    • Տղան որբ էր, նա ուներ հնամաշ հագուստ,նա քաղցած էր և տեղ չուներ գնալու:
    • Հովիվը շատ բարի էր ու նա տեսավ որբ տղային ու բերեց իր տուն: Նրանք տղային հաց տվեցին և խմելու հյութ:
  • Բացատրի՛ ր վերնագիրը:
    • Արևի մոտ, քանի որ տղան հասավ իր նպատակին և ունեցավ արևոտ ընտանիք:
  • Պատմվածքից դո՛ւրս  գրիր բաղադրյալ  (բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր ) բառեր:
    • մոտավոր, անցուդարձ, անտուն, գունատ, վերելք, անընդհատ, գիշերահավ, անվախ, անգութ, անտեր, անծանոթ, ուրախություն:

Հրաբուխ

լավա

Երկրակեղևի տակ՝ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր  ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա: Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի  մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման  առաջանում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: Դրանք Երկրի մակերևույթ են ժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ,  ապարաբեկորներ: Հրաբխի  ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է որոշակի ուղիով:  Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք: Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան: Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային  մոխիր, փոշի,  քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900-1000 աստիճանի:

Հրաբուխները տարբերվում են ըստ լավայի ժայթքման ու գործելու բնույթի:  Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:
Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:
Գործող  հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են  Մաունա Լուան Հավայան կղզիներում,  Էտնան   Սիցիլիայում և այլն: Հայտնի է շուրջ 650 գործող հրաբուխ մայրցամաքներում:
Քնած հրաբուխները վաղուց  արդեն չեն գործում, բայց   պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500  քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխ է նաև Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն վաղուց չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ: Դրանք  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Երկրակեղևի շարժման հետևանքով երկրի մակերևույթ կամ օվկիանոսի հատակ կարող է դուրս գալ երկրակեղևի և միջնապատյանի արանքում գտնվող հրահեղուկ զանգվածը, որը կոչվում է մագմա: Այն դուրս է գալիս և դառնում է լավա, որը շատ բարձր ջերմաստիճան ունեցող զանգված է: Այս երևույթը կոչվում է հրաբուխ:


2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխը ունի հետևյալ կռուցվածքը՝ մագմա, մղանցք, խառնարան, լավա:


3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Գործող, քնած, հանգած:


4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

Ստորջրյա հրաբուխները երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:


5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

Ցեխային հրաբուխներն  առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որի ժամանակ ցեխազանգվածներ,  ցեխաջրեր ու նավթ է ժայթքում Երկրի մակերևույթ: