Լճեր և ջրամբարներ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով  և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման՝ լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով՝ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախոր լճերն են, օրինակ՝ Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերը փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի՝ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում՝ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ՝ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից՝ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ՝  Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում՝ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն՝  անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները՝ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից՝ գոյություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ՝ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ՝ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    • Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով: 
  2. Լճային գոգավորությունները ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
    • Լճերը, ըստ ծագման, լի­նում են՝ տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, արգելափակման, մնացորդա­յին, սառցադաշտային:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    • Այն լճերը, որոնցից սկիզբ է առնում գետ, կոչվում են հոսուն լճեր, օրինակ՝ Սևանա լիճը: Այն լճերը, որոնցից սկիզբ չեն առնում գետեր, կոչվում են անհոսք լճեր, օրինակ Վանա լիճը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    • Արհեստական լճերը կամ ջրամբարները ստեղծում են մարդիկ, որ կուտակված ջուրն օգտագործեն ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:

Գետեր

Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ՝ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ՝  Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:
Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը՝ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը՝ Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ՝  Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում՝  պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետ  է կոչվում, ջրային բնական հոսքը, որը հոսում է դեպի օվկիանոս, ծով, լիճ կամ այլ գետ։

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Գետի սկիզբը կոչվում է ակունք։ Այն տեղը, որտեղ գետը թափվում է ուրիշ գետի, լճի կամ ծովի մեջ, կոչվում է գետաբերան։ Գլխավոր գետը բոլոր վտակներով կազմում է գետային համակարգ։


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը:


4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումը՝ տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում: