Տեառնընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից: Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան կատարվում էր նախատոնական ժամերգություն։ Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ  սիրելի է դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    • Տեառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը
    • Հեթանոսները այս տոնը նշում էին արևի և կրակի աստվածների համար:
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    • Այո, ես մասնակցել եմ այդ տոնին մեր դպրոցում: Մենք երգել ենք խարույկի մոտ ու թռել ենք կրակի վրայից:
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    • Այս տոնի ժամանակ Հարս ու Փեսա տիկնիկներ ենք խաղացնում, զարդարում ենք ցորենի հասկը, փոքրիկ ճյուղերը կոտրում ենք, գցում ենք խարույկի մեջ ու ասում. <<Վատ բաները չիկ>>:

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել: Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել տարածված էին ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու։

Հարցեր և առաջադրանքներ։

  1. Ի՞նչ տոն է Բարեկենդանը։
    • Բարեկենդան նշանակում է բարի կյանք: Այդ տոնը նշում են մեծերը և փոքրերը, իրար բարի բաներ են մաղթում, խաղեր են խաղում և զվարճանում են:
  2. Ի՞նչն էր հաջորդում բուն Բարեկենդանին ։
    • Բուն Բարեկենդանին հաջորդում է Պասը:
  3. Ինչպե՞ս էր անցնում Բարեկենդանի ծեսը։
    • Երեխաները ներկում էին իրենց դեմքերը ու հագնում էին զվարճալի զգեստներ, խաղեր էին խաղում ու զվարճանում: Մեծահասակները մսային ուտեստներ էին պատրաստում ու քեֆ էին անում:
  4. Ի՞նչ ճաշատեսակների նախապատվություն էր տրվում Բարեկենդանի ծեսի ժամանակ։
    • Բարեկենդանի ծեսի ժամանակ պատրաստում էին ուտեստներ մսեղենից ու կաթնամթերքից:

Ստորերկրյա ջրեր: Աղբյուրներ, արտեզյան ջրեր

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով: Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրները: Աղբյուրները կարող են լինել տաք և  սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    • Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  2. Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    • Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
      Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    • Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
      Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    • Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
    • երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:
    • Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    • Ստորերկրյա միջշերտային ջրերը հոսում են 2 ջրամերժ ապարների միջև, եթե վերին ջրամերժ շերտը ծակենք, ապա ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    • Ստորերկրյա ջրերը օգտագործվում են խմելու և կենցաղային այլ նպատակների համար, բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով, բուժման նպատակներով և այլն: